Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ամեն նոր օրվան քեզնից ինչ-որ բան պիտի տաս, բայց և նրանից անպայման ինչ-որ բան վերցնես»

«Ամեն նոր օրվան քեզնից ինչ-որ բան  պիտի տաս,  բայց և նրանից անպայման ինչ-որ բան վերցնես»
23.06.2015 | 12:09

Ասում եմ՝ եկող, որովհետև տեսնում եմ՝ գալիս է, ինչպես ժամանակին, դեռ շատ երիտասարդ, գալիս էր իր առաջին՝ «Քեզ սերն է ծնել», «Համբույրի ծաղիկ» սիրառատ ժողովածուներով ու բանաստեղծական շարքերով, դրանց հաջորդած՝ մեր կյանքի դժվարին ժամանակաշրջաններից մեկն արտացոլող ու բնորոշող «Աներգ օրեր»-ով, այնուհետև՝ հուսահատության դռներ փակող քյավառյան «Բոյիդ մեռնեմ» երգիծապատումների երեք գրքույկներով, այդ ամենի վրա կենարար անձրևի ու արևի պես իջնող՝ իր խոսքերով ծնված բազմաթիվ հոգեհույզ երգերով, Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունների, նրա կնոջ՝ Մարինա Վլադիի՝ իր լեգենդար ամուսնու մասին գրած գրքի հմուտ թարգմանություններով, ինչպես նաև թարգմանություններով ռուս դասականների՝ Աննա Ախմատովայի, Վլադիսլավ Խոդասևիչի բանաստեղծական ընդարձակ շարքերի, ժամանակակիցներից՝ Իվան Պերևերզինի, Վլադիմիր Բոյարինովի, Վլադիմիր Սիլկինի ամբողջական գրքերի, գալիս էր ի՛ր իսկ քառյակների գրքով։
Այսպես կարելի է էլի շարունակել, և ուրախալի է, որ այսքանից հետո ու այսքանից ելնելով՝ ասում եմ՝ տարիների միջով եկող Լևոն Բլբուլյան: Այսինքն՝ դեռ չի եկել- հասել, դեռ գալիս է, դեռ նոր, հաճախ անակնկալ բաներ ունի մեզ տալու, և մենք հավատով սպասում ենք նրա հետ նոր հանդիպումների, ինչպես հիմա, ահա, հանդիպում ենք այս նոր գրքի առիթով՝ «Տարիների միջով»:
Շապիկին, հենց խորագրի տակ, արդեն սպիտակափառ իր լուսանկարն է, իսկ ինքը՝ ընդամենը 60-ն անց։ Հեղինակի անցած ուղին, գրական ճանապարհը արտացոլող լուսանկարներով ավելի հարստացած այս գիրքն ամփոփում է բազմաթիվ լրատվամիջոցների ու կայքերի՝ Լևոն Բլբուլյանի հետ տարբեր տարիների անցկացրած հարցազրույցները՝ այլազան թեմաներով և ուղղվածությամբ, այլազան մոտեցումներով ու նախասիրություններով:
Տարողունակ է գիրքը. գրական հարցերին, ընթերցողների պակասին և առհասարակ գրական կյանքի այլևայլ կողմերին ու խնդիրներին առնչվող զրույցներ, Վ. Վիսոցկու կյանքին ու գործունեությանը վերաբերող հարց ու պատասխաններ, մտավորականի կոչման, մեր կյանքի դժվարությունների, դրանց պատճառների և հաղթահարման ուղիների շուրջ դատողություններ ու երազանքներ։ Եվ նախաբանում միանգամայն ճիշտ է նկատում Բլբուլյանը. «Միայն իմ մասին չէ այս գիրքը, իր մի զգալի մասով այն նաև մե՛ր մասին է, բոլորի՛ս մասին, ինչ-որ տեղ անմիջական, կենդանի արձագանքն է համատեղ ապրած մեր դժվարին օրերի»:
Անսպասելի չէ, որ զրույցների մի զգալի մասը երգարվեստի վիճակի, այդ բնագավառում ձեռք բերված առանձին հաջողությունների, ինչպես և թերությունների հետ է կապված: Լևոն Բլբուլյանը լիովին իրավունք ունի խոսելու այդ բնագավառի լավի ու վատի մասին, արտահայտելու իր կարծիքը, քանի որ բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, համագործակցել է տարբեր սերնդի այնպիսի ճանաչված երաժիշտների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Տիգրան Մանսուրյանը, Ալեքսանդր և Վարդան Աճեմյանները, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը, Ռուսլան Գալստյանը, Արամ Սաթյանը, Սասուն Պասկևիչյանը, Էդգար Գյանջումյանը…
Այս երկար թվարկումով անգամ չի սահմանափակվում Բլբուլյանի հետ համագործակցած երգահանների ցանկը, ու նոր անունների շարքում իր անկրկնելի տեղն ունի Լևոնի սիրելի քույրը՝ Ժաննա Բլբուլյանը: Այնքան շատ երգեր են նրանք ստեղծել միասին, որ հեղինակային համերգներով հանդես են եկել և՛ Երևանում, և՛ Փարիզում՝ արժանանալով ջերմ ընդունելության: Հիմա էլ, երբ գրում եմ այս տողերը, տեղեկացա, որ «Անտարես» հրատարակչությունը նոր-նոր լույս է ընծայել «Սիրո ու նվիրումի երգեր» ժողովածուն՝ Ժաննա և Լևոն Բլբուլյանների հեղինակությամբ:
Արժե հիշեցնել նաև, որ Լևոնի տեքստերով գրված տասնյակից ավելի երգեր մրցանակների են արժանացել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս անցկացված տարբեր հեղինակավոր մրցույթներում: Տեղին է մեջբերել երգի հեղինակավոր վարպետներից մեկի՝ մեզնից ոչ վաղուց հեռացած Կոնստանտին Օրբելյանի խոսքերը Լևոն Բլբուլյանի մասին. «Ինձ դուր է գալիս բառի, տողի նկատմամբ նրա բծախնդրությունը, երգի ժանրի առանձնահատկությունների ու գաղտնիքների իմացությունը, աշխատասիրությունը: Առանց այդ ամենի, բայց, իհարկե, առաջին հերթին քնարական խորունկ բանաստեղծի ակնառու շնորհի, նրա երգերը այնպես շահեկանորեն չէին առանձնանա երգի այսօրվա խայտաբղետ շուկայում»:
Այո, տեղին է գովեստի ու շնորհակալանքի խոսքեր ասել Լևոնի հասցեին: Ախր, երգի «այսօրվա խայտաբղետ շուկայում», իբրև երգերի տեքստեր, ի՜նչ անհեթեթություններ ասես , որ չես լսի: Եվ լսելով՝ զայրույթով են լցվում ո՛չ միայն երգարվեստին մոտ կանգնածների, այլև ընդհանրապես՝ գրագիտություն ու ճաշակ ունեցող հազարավոր մարդկանց սրտերը: Ի տես այդ ամենի, շատերի հետ մեկտեղ, տիրող իրավիճակի դեմ բողոքում է և Լևոն Բլբուլյանը: «Դառն է ու տխուր պատկերը մեր երգարվեստում,- զգուշացնում է նա և շարունակում,- աններելիորեն իջել են գնահատման չափանիշները, ու պատահական մարդիկ կարող են երաժշտություն, երգի տեքստեր գրել, երբեմն՝ երկուսը միասին ու այնպես հեշտորեն, անարգել ասպարեզ հանել դրանք»: Մասնավորեցնելով խոսքը երգերի տեքստերի վերաբերյալ, նկատում է, որ հիմա, ցավոք, մատների արանքով են նայում այդ խնդրին, անգամ երգահաններն իրենք, ինչպես և երգիչ-երգչուհիները, լուրջ պահանջներ չունեն տեքստերից, ուստի և ում ասես կարող են պատվիրել խոսքերը (գրական որոշ հակումներ ունեցող իրենց ընկեր-բարեկամներին, քույր ու եղբայրներին, երբեմն էլ, առանց քաշվելու, հենց իրենք են այդ բանն անում): Եվ ստացվում է, որ հեռուստաեթերից անարգել հնչում են մեկը մյուսից անհեթեթ տողեր:
Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Բլբուլյանի համոզմամբ՝ այսպիսի կամայականություններին ու անճաշակությանը զարկ տալը պայմանավորված է պետական կառույցների թողտվությամբ կամ բացարձակ անտարբերությամբ, որ առավել դրսևորվում է երգերի տեքստերի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքում: Նա իրավացիորեն առաջարկում է ստեղծել խորհրդային ժամանակների գեղարվեստական խորհուրդների տիպի նորօրյա կառույցներ, որ այդ հարցերում կարգ ու կանոն հաստատեն։
Ինչպես ասացինք, գրքում քիչ չեն նաև գրական կյանքին, գրողներին ու գրականությանը վերաբերող հարց ու պատասխանները: Նշելով, որ իր կարծիքով մամուլն ու հեռուստատեսությունն ի վիճակի են մեծ գործ անելու գրականության պրոպագանդման հարցում, Բլբուլյանը ցավով ասում է. «Մի՞թե կարելի է նորմալ համարել, որ նույնիսկ Հանրային հեռուստատեսության եթերում գրական որևէ հաղորդում չկա, ընդհանրապես պոեզիա չի հնչում: …Մամուլն ու հեռուստատեսությունը գրողներին, գրողների միության գործունեությանն անդրադառնում են միայն «սկանդալային» ինչ-ինչ դեպքերի առիթով»: Մեկ այլ տեղում դառնորեն արձանագրում է. «Մեզանում գրականությունը, մշակույթն առհասարակ, ինչպես հարկն է՝ չեն քարոզվում, չեն ներկայացվում, և հասարակության վերաբերմունքը պարզապես այլ կերպ լինել չէր կարող, քան հիմա է՝ անտարբեր, անհաղորդ կամ ընդամենը գրողի, արվեստագետի անձի շուրջ պտտվող ասեկոսեների մակարդակում»:
Ավելի ցավալին, մեր կարծիքով, այն է, որ, անկախ այս հարցազրույցների կայացման տարեթվերից, տպավորություն է ստեղծվում, թե դրանցում բարձրացված հարցերը հիմա էլ ժամանակավրեպ չեն, կարծես հենց երեկ կամ նույնիսկ այսօր են հնչել, քանզի, ցավոք, և՛ արծարծվող բնագավառները, և՛ առհասարակ մեր կյանքը տեսանելի առաջընթաց չեն ապրել: Եվ, ինչպես միշտ, Բլբուլյանը չի կեղծում, ասելով, թե Հայաստանի այսօրվա կյանքը, ինչպես շատերին, այնպես էլ իրեն, գոհացնել չի կարող. «Մտահոգիչ շատ ու շատ բան կա, որ կա՛մ բխում է մեկը մյուսից, կա՛մ հանգեցնում իրար ու, ի մի գալով, իրենց ամենատեսանելի դրսևորումը գտնում հատկապես արտագաղթի տեսքով։ Արտագաղթը հետևանք է ողջ այն բացասականի, որ առկա է մեր իրականության մեջ»:
Այս գրքում անդրադարձ կա նաև Լևոն Բլբուլյանի ավելի վաղ հրատարակված «Ժամանակ և դեմքեր» խորագրով գրքին, որ բնույթով կարծես նույնատիպ է, բայց այդ երկուսը ունեն էական տարբերություն: Եթե նոր գրքում, ինչպես տեսնում ենք, Լևոնը հարցերի պատասխանող է, ապա «Ժամանակ և դեմքեր»-ում ավելի շատ հանդես է գալիս որպես լրագրող, իբրև հարցեր տվող՝ Սիլվա Կապուտիկյանին, Օհան Դուրյանին, Աղասի Այվազյանին, Հակոբ Հակոբյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Անդրեյ Բիտովին, Նիկողայոս Նիկողոսյանին, Ալեքսան Կիրակոսյանին, Ցվետանա Պասկալևային… Այսքանից հետո դեռ ափսոսում է, որ հիշյալ նշանավոր մարդկանց կողքին չի հասցրել իր գրքում տեղ տալ, ասենք, Գրիգոր Գուրզադյանին, Սոս Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին, Զորի Բալայանին… Բայց նրա համար, ինչ խոսք, կարևորը ոչ թե ճանաչված մարդկանց թվաքանակն է եղել, այլ նրանց միջոցով մարդկանց ցույց տալը, թե հիշյալ անհատականությունները «ի՞նչ ապագա են տեսնում», «ի՞նչ ուղիներ են նախանշում բազմաթիվ հոգսերի տակ կքած մեր երկրի ու ժողովրդի համար, և թե իրենք՝ այդ անհատականություններն այս պայմաններում ի՞նչ գործեր են անում և ի՞նչ խորհուրդ են տալիս իրենց ձայնը լսել ցանկացող հայրենակիցներին»:
Ինչպես Բլբուլյանն է բնորոշում, «մեր լավագույն մտավորականներից մեկը՝ երջանկահիշատակ Ալեքսան Կիրակոսյանը», օրինակ, վարակիչ մի լավատեսությամբ ասում է. «Մեր ազգային առանձնահատկություններից մեկն այն է, որ ամենածանր վիճակում անգամ կարողանում ենք հատուկ, ոչ սովորական լուծումներ գտնել»:
Այսպես «Ժամանակ և դեմքեր» հարցազրույցների ուշագրավ գիրքը ծառայեցվել է իբրև դաստիարակության միջոց:
Նույն կերպ և այս մեկը՝ «Տարիների միջովը», որ հաճախ նաև նշանավոր մարդկանց հետ ունեցած հանդիպումներից, զրույցներից պատառիկներ է մեջբերում, ինչպես և բանաստեղծություններ ու քառյակներ, ներկայացնում առանձին երգերի ստեղծման հետաքրքիր պատմությունները, քիչ առ քիչ, տարբեր կողմերից մեր առջև բացում է հեղինակի սիրտը, նրան ավելի մոտ ու մտերիմ դարձնում մեզ: Հիշենք, թե հանրահայտ Բուլատ Օկուջավան ինչ դիպուկ է արտահայտվել ի պատասխան այն հարցի, ինքն իրեն ավելի շատ բանաստե՞ղծ, թե՞ երգահան է համարում. «Ես ինձ պարզապես զրուցակից եմ համարում»,- շատ կարճ ասել է նա: Տեղեկանում ենք, որ այս խոսքերը Լևոն Բլբուլյանը լսել է անձամբ՝ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում սովորելիս ու այդ օրից սկսած պատասխանն այս մտովի նաև իրե՛ն վերագրել, մի պատասխան, որ տարիների միջով գալիս՝ իր համար ավելի բնութագրական է դառնում՝ ավելի շատ ինքն իրեն բանաստե՞ղծ է համարում, թարգմանի՞չ, երգերի համահեղինա՞կ, թե՞ երգիծաբան:
Դժվար է սպառիչ խոսք ասելը որևէ լավ գրքի մասին։ Մենք փորձեցինք «Տարիների միջովը» ներկայացնել սոսկ ընդհանուր գծերով, ուստի բոլոր նրանց, ովքեր ուզում են ավելի հանգամանորեն զրուցել հեղինակի հետ, խորհուրդ ենք տալիս վերցնել գիրքն ու շարունակել զրույցը: Վստահեցնում եմ՝ հուսախաբ չեն լինի. կիմանան, օրինակ, որ Բլբուլյանն իր համար նշանաբան է դարձրել իմաստուններից մեկի խոսքը՝ «Ցանկանալ նշանակում է կարողանալ»: Կծանոթանան նաև մտավորականի դերի ու կոչման վերաբերյալ նրա դիպուկ բնորոշմանը. «Ճշմարիտ մտավորականը նախ իր ոլորտում պիտի արհեստավարժ, օգտակար լինի, ազնվություն, բարեխղճություն, նվիրում հանդես բերի, բարի անուն ունենա ու նոր միայն իրեն իրավունք վերապահի խառնվելու ազգային, հասարակական խնդիրներին: Իսկ այդ խնդիրներին մոտենալիս պիտի կարողանա վեր կանգնել ամբոխային մտածողությունից, խմբակային շահերից, աչքի առաջ ունենալով ամենից առաջ երկրի ու ժողովրդի շահը»: Կիմանան, որ իրենց զրուցակիցը շատ կարևոր մի սկզբունք ևս ունի. «Ամեն նոր օրվան քեզնից ինչ-որ բան պիտի տաս, բայց և նրանից անպայման ինչ-որ բան վերցնես»:
Եվ, վերջապես, կիմանան, որ նրա համար կյանքի իմաստը դժվարությունների հաղթահարման մեջ է նաև. «Ամեն արգելք հաղթահարելիս ինչ-որ տեղ նորովի ես ճանաչում ու հայտնաբերում քեզ, մի քիչ ավելի իմաստնանում, ուժեղանում, սկսում քեզ ավելի վստահել ու հավատալ: Եվ քանի ապրում ես, պիտի պատրաստ լինես դրան»:
Ինչպես ասում են՝ մնացածը գրքում։


Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ